Երիկամների քաղցկեղին բնորոշ ախտանշաններն ի հայտ են գալիս հիվանդության խորացած փուլում, երբ ուռուցքը մեծ չափերի է հասնում…Որո՞նք են երիկամների քաղցկեղի մասին հուշող ախտանշաններ

Երիկամների քաղցկեղին բնորոշ ախտանշաններն ի հայտ են գալիս հիվանդության խորացած փուլում, երբ ուռուցքը մեծ չափերի է հասնում։ Դասական ախտանշաններն են հեմատուրիան կամ մեզի գույնի փոփոխությունը դրանում արյան առկայության պատճառով, շոշափելի նորագոյացությունը և երիկամի հատվածում բութ, մղկտուն ցավի առկայությունը։ Այս վիճակը հաճախ ուղեկցվում է նաև արյան բարձր ճնշմամբ (երկրորդային զարկերակային գերճնշում): Այս մասին Газета.Ru-ի հետ զրույցում հայտնել է ուռուցքաբան, վիրաբույժ, քիմիաթերապևտ Անտոն Իվանովը։

«Ուռուցքը կարող է դառնալ արյունատար անոթների սեղմվելու և ստանդարտ բուժմամբ չկարգավորվող, կայուն զարկերակային գերճնշման պատճառ, ինչպես նաև հանգեցնել ստորին սիներակի ու ոտքերի խորանիստ երակների թրոմբոզի զարգացման»,- նշել է մասնագետը։

Նրա խոսքով՝ երիկամների քաղցկեղը, ինչպես և քաղցկեղի մյուս տեսակները, հազվադեպ են հայտնաբերվում զարգացման վաղ փուլերում, քանի որ գրեթե չեն դրսևորվում։

«Հիվանդությունն առավել հաճախ պատահաբար է հայտնաբերվում պրոֆիլակտիկ բուժզննման ժամանակ, իսկ ախտորոշման պահին հիվանդների մեկ քառորդի մոտ արդեն իսկ մետաստազներ են լինում, ուստի ևս մեկ անգամ հիշեցնում եմ կանոնավոր բուժզննումներ անցնելու կարևորության մասին»,- նշել է Իվանովը։

Ինչպես ընդգծել է մասնագետը, հիվանդության զարգացման հետ մեկտեղ հիվանդի մոտ նկատվում է քաշի անբացատրելի կորուստ, ինչպես նաև քրոնիկ հոգնածություն, առատ քրտնարտադրություն ու տենդ։

«Երիկամների քաղցկեղի զարգացման պատճառների վերաբերյալ հարցին գիտությունը դեռ հստակ պատասխան չունի, բայց հայտնի են գործոններ, որոնք զգալիորեն մեծացնում են ուռուցքի առաջացման վտանգը։ Դրանք են երիկամներում քրոնիկ բորբոքային գործընթացը, սեռ (տղամարդիկ 1,5-3 անգամ հաճախ են հիվանդանում, քան կանայք), պատկառելի տարիքը, ծխախոտի գործածությունը, ավելորդ քաշի առկայությունը և ժառանգական հիվանդությունները (Հիպել-Լինդաուի հիվանդություն, Բուրտ-Հոագ-Դյուբեի համախտանիշ, տուբերոզ սկլերոզ)»,- եզրափակեց ուռուցքաբանը։

Оставьте комментарий