Ե՞րբ դիմել լոգոպեդի. Զրույց լոգոպեդ Գրիգորի Մամյանի հետ

Երեխայի լեզվական ապարատի ճիշտ գործունեությանն ու խոսքի լիարժեք ձևավորմանը հետևելը յուրաքանչյուր ծնողի կարևոր խնդիրն է։ Լինում են դեպքեր, երբ երեխան շատ ուշ է սկսում արտաբերել բառերը։ Այստեղ ահա առաջանում է լոգոպեդին դիմելու անհրաժեշտություն։

Թեմայի շուրջ Aysor.am-ը զրուցել է լոգոպեդ, «Evinco» զարգացման կենտրոնի տնօրեն Գրիգորի Մամյանի հետ։

Մասնագետի խոսքով, գոյություն ունեն լոգոպեդական շատ խնդիրներ, դրանք լինում են զուգակցված նաև այլ խնդիրների հետ:

— Ե՞րբ և ինչպե՞ս հասկանալ, որ երեխան ունի լոգոպեդին այցելելու անհրաժեշտություն։

— 1 տարեկանում երեխաներն օգտագործում են մոտ 8-10 ֆունկցիոնալ բառ: 2 տարեկանին մոտ երեխաներն օգտագործում են բառակապակցություններ և սկսում են փորձել կազմել պարզ նախադասություններ, որոնք կարող են ունենալ սխալ կառուցվածք: 3 տարեկանում երեխաները խոսում են ճիշտ կառուցված նախադասություններով, պատմում են: 4 տարեկանին մոտ երեխաներն արդեն պետք է ճիշտ արտաբերեն բոլոր հնչյունները: Երբ երեխայի մոտ նկատվում է նշված փուլերի բացակայություն կամ զգալի շեղում, ապա անհրաժեշտ է դիմել լոգոպեդի:

— Ի՞նչ ժամանակահատվածում կարելի է հասնել արդյունքի։

— Կախված խնդրի առանձնահատկությունից` լոգոպեդական աշխատանքի տևողությունը տարբերվում է: Նաև, իհարկե, պետք չէ մոռանալ երեխաների անհատական առնձնահատկությունների մասին:

— Հայաստանում ծնողները ինչպե՞ս են ընկալում լոգոպեդի դերը, կա՞ փոփոխություն ընկալման մեջ։

— Այս պահին ցանկացած տեղեկատվություն շատ հեշտ է ստանալ համացանցի միջոցով: Ցանկացած ծնող կարող է կարդալ և պատկերացնել լոգոպեդի աշխատանքի դերը երեխայի խոսքի զարգացման գործընթացում: Ինչ վերաբերում է ծնողների կողմից լոգոպեդական աշխատանքի ընկալմանը, ապա ասեմ, որ տարեցտարի ծնողներն ավելի ու ավելի տեղեկացված են դառնում:

— Ինչպե՞ս պետք է ծնողները բացատրեն երեխային, թե ինչու են գնում լոգոպեդի մոտ։

— Ամեն ինչ կախված է երեխայի տարիքից: Փոքր տարիքում ծնողը երեխային ասում է, որ գնում են խաղալու: 6 տարեկանում հիմնականում երեխաները նկատում են իրենց խոսքի առանձնահատությունները, և ծնողն ասում է, որ գնում են մասնագետի մոտ, ով կօգնի ավելի լավ խոսել, մեծի նման խոսել: Մնացածը լոգոպեդը ճիշտ ձևով կկազմակերպի և երեխային կինտեգրի լոգոպեդական աշխատանքին:

— Ինչպե՞ս են կազմակերպվում այցերը լոգոպեդին։

— Խորհրդատվության համար ծնողը երեխայի հետ կարող է այցելել լոգոպեդի, երբ նկատում է, որ երեխայի խոսքը չի համապատասխանում տարիքին, նկատում է որոշակի խոսքային խնդիրներ կամ ունի որևէ անհանգստացնող հարցեր: Լոգոպեդական աշխատանքի հետագա պլանավորումն իրականացվում է ըստ երեխայի տարիքի և խնդրի առանձնահատկությունների:

Оставьте комментарий