Ինչո՞վ են պայմանավորված հաճախակի սրտխփոցները. ե՞րբ դիմել բժշկի

Սրտխփոցները սրտազարկի արագացած լինելու, սրտի թրթռոցի կամ կրծքավանդակի պատին հարվածելու զգացողություններն են:

Այլ կերպ ասած՝ սրտխփոցն այն է, երբ զգում եք, թե ինչպես է սիրտը կծկվում կամ անկանոն աշխատում։ Մարդը սովորաբար չի զգում սրտի աշխատանքը, և երբ սրտխփոցի զգացողությունը հանկարծակի ի հայտ է գալիս, կարող է անակնկալի գալ կամ խիստ անհանգստանալ։

Սթրեսը, ֆիզիկական ծանրաբեռնվածությունն ու վարժանքները, դեղամիջոցները և հազվադեպ հիվանդությունները կարող են նպաստել սրտխփոցների առաջացմանը:

Թեև սրտխփոցները կարող են լինել անհանգստացնող կամ վախեցնող, դրանք սովորաբար անվտանգ են: Հազվադեպ սրտխփոցները կարող են հանդիսանալ սրտի ավելի լուրջ հիվանդության նշան, օրինակ՝ անկանոն սրտազարկ (առիթմիա), որը կարող է պահանջել բուժում:

Պետք է անհապաղ դիմել բժշկի, եթե սրտխփոցի զգացողությունը տևում է մի քանի վայրկյանից ավելի երկար, ուղեկցվում է ինքնազգացողության վատթարացմամբ կամ ունեք սրտանոթային որևէ հիվանդություն։

Սրտխփոցները կարող են ստեղծել տպավորություն, թե սիրտը՝

բաց է թողնում հերթական սրտազարկը կամ կծկումը,

թպրտում է,

դողում կամ թրթռում է,

կծկվում է խիստ արագացած,

ուժգին հարվածում է:

Սրտխփոցներ կարող եք զգալ սրտի շրջանում, ամբողջ կրծքավանդակում, կոկորդում կամ պարանոցի վրա: Դրանք կարող են առաջանալ ինչպես ֆիզիկապես ակտիվ, այնպես էլ հանգիստ վիճակում:

Ոչ հաճախակի առաջացող և միայն մի քանի վայրկյան տևող սրտխփոցները սովորաբար ստուգման կարիք չունեն: Եթե ունեք սրտային հիվանդության պատմություն և հաճախակի ի հայտ եկող կամ վատթարացող սրտխփոցներ, զրուցեք բժշկի հետ: Բժիշկը կարող է առաջարկել սրտի վերահսկման թեստեր, որ ստուգի՝ արդյոք սրտխփոցի պատճառն ավելի լուրջ սրտային խնդիր է, թե ոչ:

Անհանգստացնող է, եթե սրտխփոցն ուղեկցվում է՝

ետկրծոսկրային անհարմարավետության զգացողությամբ կամ ցավով,

ուշագնացությամբ,

սուր շնչարգելությամբ և հևոցով,

սուր գլխապտույտով:

Оставьте комментарий