«Կտրուկ վեր կացավ և ընկավ», կամ` ի՞նչ է օրթոստատիկ թերճնշումը (կոլափս)

Այսպես են կոչում կտրուկ կանգնելիս կամ երկարատև անշարժ կանգնած մնալուց, կամ մեծ ֆիզիկական աշխատանք կատարելուց հետո ուշագնացության զարգացումը, երբ տեղի է ունենում գիտակցության կորուստ։

Որո՞նք են օրթոստատիկ թերճնշման պատճառները
Թերճնշումը կամ օրթոստատիկ շոկը զարգանում է արյան ճնշման կարգավորման խանգարման ժամանակ, երբ այն կտրուկ ընկնում է և ուղեղի արյունամատակարարումը նվազում է։

Օրթոստատիկ թերճնշում կարող է զարգանալ հետևյալ իրավիճակներում.

  • օրգանիզմում շրջանառող արյան ամբողջ ծավալի նվազում՝ հիպովոլեմիա,
  • ուղեղի անոթների տոնուսի իջեցում,
  • որոշ դեղերի և նյութերի ազդեցություն։

Հիպովոլեմիա կարող է առաջանալ արյան մեծ կորուստների՝ վնասվածքների, արյունահոսությունների ժամանակ, կանանց մոտ՝ առատ դաշտանի դեպքում։

Արյան պլազմայի ծավալը նվազում է առատ քրտնարտադրության, օրինակ` տենդի, չափազանց ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, հատկապես շոգ պայմաններում։

Օրգանիզմից շատ հեղուկ դուրս է գալիս նաև առատ միզարտադրության դեպքում, ինչը տեղի է ունենում որոշ հիվանդությունների ժամանակ։

Փսխման և լուծի ժամանակ օրգանիզմը նույնպես հեղուկ է կորցնում, որն անհրաժեշտ է լրացնել։

Այս բոլոր գործոնները բերում են շրջանառող արյան ծավալի նվազեցման, ինչի արդյունքում առաջանում է օրթոստատիկ կոլափս։

Ուղեղի անոթների տոնուսը, հատկապես դրանց ժամանակին նեղացումը և լայնացումը, ապահովում է օրգանիզմի նորմալ աշխատանքը։ Անոթների տոնուսը կարգավորվում է նյարդային համակարգի կողմից։ Երբ այս կամ այն պատճառով այդ կարգավորումը խանգարվում է, կարող է առաջանալ օրթոստատիկ շոկ։

Նյարդային իմպուլսների աշխատանքի խանգարումը տեղի է ունենում տարբեր հիվանդությունների ժամանակ, ինչպիսիք են` շաքարային դիաբետը, վեգետա-անոթային դիստոնիան, թոքային զարկերակների թրոմբոզը, աթերոսկլերոզը, սակավարյունությունը, մակերիկամների ուռուցքը, ինչպես նաև երկարատև անկողնային ռեժիմը։

Անոթների տոնուսը կարող է անկայուն լինել հորմոնային փոփոխությունների դեպքում, որոնք տեղի են ունենում դեռահասության շրջանում, հղիության, դաշտանադադարի ժամանակ։

Օրթոստատիկ շոկը որոշ դեղերի կողմնակի ազդեցություն է (հակագերճնշումային դեղերը, արագ ազդող միզամուղները, նիտրատները, Պարկինսոնի հիվանդության ժամանակ կիրառվող դեղերը, թմրանյութերը և այլն)։

Ռիսկի գործոններն են.

  • հուզական լարումները,
  • սթրեսը,
  • դեպրեսիվ վիճակները,
  • արտահայտված գերհոգնածությունը, այդ թվում` մտավոր, ֆիզիկական, հոգեբանական,
  • սպիրտային խմիչքների կիրառումը։

Ի՞նչ ախտանիշներով է դրսևորվում օրթոստատիկ թերճնշումը

Պառկած դիրքից կտրուկ կանգնելիս, երկարատև կանգնած մնալիս, ինչպես նաև չափազանց ֆիզիկական ծանրաբեռնվածությունների ժամանակ դիտվում են հետևյալ նշանները.

  • հանկարծակի արտահայտված ընդհանուր թուլության առաջացում,
  • մաշկի գունատություն,
  • գլխապտույտ,
  • տեսողական խանգարումներ (վարագույրի շղարշի, ճանճերի տեսքով),
  • հնարավոր է` սրտխառնոց, փսխում,
  • բնորոշ է գիտակցության մթագնումը, ուշագնացությունը,
  • հնարավոր են վերջույթների ցնցումներ,
  • երբեմն լինում է ակամա միզարձակում։

Ինչպե՞ս ախտորոշել օրթոստատիկ թերճնշումը

Այս վիճակն ախտորոշվում է զարկերակային ճնշման տվյալներով. այն չափում են կանգնած (ցածր) և պառկած (նորմալ) վիճակում, ապա համեմատում են արժեքները։

Օրթոստատիկ թերճնշում ախտորոշվում է, երբ թվերի տարբերությունը կազմում է (մմ.ս.ս).

  • սիստոլիկը՝ 20 մմ.ս.ս և ավելի,
  • դիաստոլիկը՝ 10 մմ.ս.ս և ավելի։

Բացի այդ, ուշադրություն են դարձնում ուղեղի արյան շրջանառության անբավարարության նշանների վրա՝ գունատություն, ուշագնացություն և այլն։

Ախտորոշման համար հատուկ թեստ են կիրառում՝ օրթոստատիկ փորձ։ Այն իրականացնում են հետևյալ կերպ. մարդուն տեղավորում են պտտվող սեղանի վրա և թողնում են պառկած` 5 րոպե։ Այնուհետև սեղանը կտրուկ բարձրացնում են՝ պահելով ուղղահայաց դիրքում։

Իրականացնում են նաև այլ հետազոտություններ.

  • արյան կլինիկական հետազոտություն (սակավարյունության հայտնաբերում),
  • արյան կենսաքիմիական հետազոտություն (ներքին օրգանների աշխատանքի գնահատում),
  • արյան մեջ հորմոնների որոշում,
  • սրտի աշխատանքի հետազոտում, վեգետատիվ խանգարումների հայտնաբերում (հոլտեր մոնիտորինգ),
  • նյարդաբանական թեստեր։

Բուժումը նշանակվում է ըստ ախտաբանության առաջացման պատճառների։

Ինչո՞վ է վտանգավոր օրթոստատիկ թերճնշումը

Օրթոստատիկ թերճնշման վիճակը չի կարելի անտեսել։ Այն կարող լուրջ ախտաբանության նշան լինել, որն անհրաժեշտ է բուժել։

Գլխուղեղի արյունամատակարարման անբավարարության հետևանքով առաջացած մշտական թթվածնային քաղցը վտանգավոր է հիշողության վատթարացումով, նյարդաբանական խանգարումների զարգացմամբ։ Տարեցներին այս վիճակը սպառնում է կաթվածով, թուլամտությամբ (դեմենցիայով)։

Բացի այդ, անսպասելի ուշագնացությունները կարող են վնասվածքի պատճառ լինել՝ ընկնելու հետևանքով։

Կանխարգելիչ որոշ միջոցառումներ

Ախտանիշների առաջացման դեպքում անհրաժեշտ է վերանայել ընդունվող դեղերը, հնարավոր է ախտանիշները պայմանավորված լինեն այդ դեղորայքի կողմնակի ազդեցություններով ։

Չի կարելի կտրուկ շարժումներ անել, պետք է խուսափել ուժեղ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, երկարատև կանգնելուց, հնարավորության դեպքում՝ հուզական ապրումներից։

Եթե հիվանդը երկարատև անկողնային ռեժիմում է գտնվել, անհրաժեշտ է աստիճանաբար դուրս գալ այդ ռեժիմից։ Անկողնուց վեր կենալուց առաջ հարկ է պառկած, այնուհետև` նստած վիճակում մի քանի ոչ բարդ վարժություններ անել։

Սննդակարգի մեջ ցանկալի է սահմանափակել մսով, հատկապես յուղոտ ճաշատեսակները, սուր համեմունքները։ Պետք է հրաժարվել սպիրտային խմիչքից։ Ջուր պետք է խմել բավարար քանակությամբ՝ կանխելով ջրազրկումը։

Նոպաները շարունակվելու դեպքում պետք է դիմել բժշկի։

Оставьте комментарий