Կանանց չբերության հիմնական պատճառները. պարզաբանում է գինեկոլոգը…ի՞նչ անել

Գնալով աճում է այն զույգերի թիվը, որոնք ամուսնանալուց հետո երկար ժամանակ չեն կարողանում երեխա ունենալ: Պատճառները տարբեր են: Դրանց մասին» «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատմեց գինեկոլոգ Արմինե Կիրակոսյանը.

Երբ մեկ տարի շարունակ ամուսիններն ապրում են կանոնավոր սեռական կյանքով՝ առանց պաշտպանվելու, և կինը չի կարողանում հղիանալ, սա արդեն կարելի է անվանել չբերություն: Սակայն կան չբերության տարբեր աստիճաններ և պատճառներ: Մեր օրերում գնալով ավելի ու ավելի շատ են այն մեթոդները, որոնց միջոցով կարելի է բուժել այս հիվանդությունը:

Եթե անդրադառնանք պատճառներին, ապա այսօր երիտասարդ շատ աղջիկներ չեն կարողանում հղիանալ սեռական օրգանները ավելի վաղ տարիքում մրսեցնելու պատճառով: Երիտասարդ տարիքում ավելի նորաձև, գեղեցիկ երևալու համար ձմռանը հագնվում են շատ թեթև»: Եվ եթե այդ մրսածությունն իր մասին զգացնել չի տալիս այդ ժամանակ, ապա հետագայում հնարավոր է չբերության տեսքով «ջրի երես դուրս գա»: Մրսածության պատճառով կարող է առաջանալ ձվարանի և արգանդի տաբեր տեսակի հիվանդություններ: Նշեմ նաև, որ չամուսնացած աղջիկներին խորհուրդ չի տրվում չափազանց նեղ տաբատներ հագնելը: Դա նույնպես կարող է առաջացնել եթե ոչ չբերություն, ապա սեռական օրգանների տարատեսակ հիվանդություններ:

Չբերության կարևոր պատճառներ են՝ ծխելը, ալկոհոլի չարաշահումը, թմրանյութերի օգտագործումը: Հատկապես մեր օրերում աղջիկները նման բաներ օգտագործում են շատ ավելի վաղ տարքից, ինչը հետագայում կանգնեցնում է փաստի առաջ: Նշեմ նաև, որ եթե սա չառաջացնի չբերություն, ապա հղիության ընթացքում օգտագործելու դեպքում երեխան անպայման կունենա առողջական խնդիրներ, կարող է ծնվել թերզարգացած, արատներով և այլն: Հղիության ընթացքում ալկոհոլի, ծխախոտի, թմրանյութերի օգտագործման դեպքում կարող է առաջանալ նաև հղիության բարդացում, ինչպես նաև վիժում:

Չբերության մեկ այլ կարևոր պատճառ է առաջին հղիության արհեստական ընդհատումը:Եթե մինչև 25-26 տարեկան կինն ընդհատում է առաջին հղիությունը, ապա 100-ից մոտավորապես 50 տոկոսի դեպքում առաջանում է չբերություն: Եթե նույնիսկ չբերություն չառաջանա, ապա կնոջ՝ քաղցկեղով հիվանդանալու հավանականությունն այս դեպքում մեծանում է:

Մեկ այլ ընդհանուր պատճառ նշեմ: Սա չբերություն կոչելը սխալ կլինի, ավելի շուտ՝ չհղիացում, զույգերի անհարմարվածություն: Երիտասարդները կարող են ամուսնանալ և ամիսներ շարունակ միմյանց սեռական տեսանկյունից հարմարված չլինել և միայն ամիսներ հետո խնդիրը կարգավորվի: Եթե զույգը դիմել է մասնագետի օգնությանը և երկուսի դեպքում էլ առողջական որևէ խնդիր չկա, ապա անհանգստանալու կարիք բացարձակապես չկա:

Գինեկոլոգը նշեց նաև, որ գոյություն ունի «անհայտ չբերություն հասկացությունը»: Սա այն դեպքն է, երբ բոլոր հետազոտություններն անցնելուց հետո պարզ չի լինում՝ որն է չբերության պատճառը: Սակայն գինեկոլոգի խոսքերով՝ նման բան շատ հազվադեպ է պատահում, որովհետև պատճառը սովորաբար մի քանի հետազոտությունից հետո հայտնի է դառնում:

Ըստ Ա. Կիրակոսյանի՝ որքան շուտ զույգը դիմի բժշկի օգնությանը, այնքան ավելի մեծ կլինի բուժման հնարավորությունը. «Չափազանց կարևոր եմ համարում չբերության դեպքում ճիշտ և արհեստավարժ մոտեցումը: Պետք է մանրակրկիտ ուսումնասիրել դեպքը: Հնարավոր է աղջկա մոտ լինի բորբոքում և դեղահաբերի, խոտաբույսերի միջոցով հնարավոր լինի կարճ ժամանակաշրջանում բուժել: Կարող է լինել նաև հորմոնալ խանգարում, ինչը նույնպես կարելի է բուժել:

Ուզում եմ առանձնակի շեշտել, որ չբերությունը դատավճիռ չէ: Միայն թե անհրաժեշտ է ժամանակին դիմել մասնագետի օգնությանը»-եզրափակեց գինեկոլոգը:

Оставьте комментарий