Շատ դեղձ կերեք…ահա թե ինչու

Հյութալի ու քաղցր այս միրգն առաջին անգամ մշակել են Չինաստանում և այն այսօր կարելի է գտնել աշխարհի ցանկացած անկյունում: Բացի նրանից, որ այն համեղ է, դեղձը նաև չափազանց առողջարար է` հարուստ լինելով վիտամիններով, հանքանյութերով, հակաօքսիդանտներով ու տարբեր օգտակար նյութերով:

Սրտանոթային համակարգի աշխատանքի բարելավում

Մրգերն առհասարակ օգտակար են մեր առողջության, մասնավորապես սրտանոթային համակարգի համար:

Կենդանիների վրա արված բազմաթիվ փորձարկումները ցույց են տալիս, որ դեղձը կարող է օգնել նվազեցնել խոլեստերինի մակարդակը և կարգավորել արյան բարձր ճնշումը՝ այսպիսով դրական ազդեցություն թողնելով սրտանոթային համակարգի աշխատանքի վրա:

Նյութափոխանակության կարգավորում

Դեղձը պարունակում է թե՛ լուծվող, թե՛ չլուծվող մանրաթելեր: Լուծվող մանրաթելերն օգնում են կայունացնել արյան մեջ շաքարի մակարդակը և կարգավորել խոլեստերինի քանակը:

Չլուծվող մանրաթելերը արագացնում են նյութափոխանակությունը և կանխարգելում փորկապությունը:
Դեղձը նաև ճնշում է ստամոքսաղիքային տրակտում ընթացող թարախային գործընթացները, նպաստում է օրգանիզմից թունավոր նյութերի դուրսբերմանը:
Ի դեպ, եթե դեղձն ուտեք կեղևի հետ միասին, ապա ավելի շատ մանրաթելեր կստանաք:

Ավելի քիչ բորբոքային գործընթացներ

Դեղձի, ինչպես նաև այլ բուսական սննդի մեջ պարունակվող պոլիֆենոլները (բուսական ծագման օրգանական միացություններ) և պրեբիոտիկները (կենդանի միկրոօրգանիզմներ) նվազեցնում են տարբեր բորբոքային գործընթացների առաջացումը:
Սա էլ իր հերթին փոքրացնում է բազմաթիվ քրոնիկ հիվանդությունների, այդ թվում՝ շաքարախտի, քաղցկեղի և Ալցհեյմերի հիվանդության առաջացման ռիսկը:

Իմունային համակարգի հզորացում

Դեղձի մեջ պարունակվող հակաօքսիդանտները հրաշալի կերպով ամրապնդում են իմունային համակարգը:

Հակաօքսիդանտները քիմիական բաղադրիչներ են, որոնք կանխարգելում են բջիջների մահը: Այս սննդարար նյութերը շատ կարևոր գործառույթ են կատարում հիվանդությունների կանխարգելման հարցում՝ մասնակցելով օրգանիզմի հակաօքսիդանտային պաշտպանության համակարգի աշխատանքին։

Ավելին, վերջերս կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ դաշտանադադարի մեջ գտնվող այն կանանց մոտ, որոնք շաբաթական առնվազն երկու հատ դեղձ են ուտում, ավելի քիչ են հանդիպում կրծքագեղձի քաղցկեղի որոշ տեսակներ:

Ավելի հարթ և սնուցված մաշկ

Որոշ լաբորատոր հետազոտություններ ցույց են տալիս, որ դեղձի ծաղիկների կամ կորիզի էքստրակտը սնուցում և խոնավացնում է մաշկը, ինչպես նաև օգնում նվազեցնել ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասը:

Իհարկե, պահանջվում են հավելյալ հետազոտություններ, սակայն սա ևս մեկ պատճառ է դեղձ սիրելու համար:

Այսպիսով, խորհուրդ ենք տալիս դեղձը դարձնել Ձեր սննդակարգի անբաժան մասը, իսկ առավելագույն օգուտ ստանալու համար օգտագործել այն միայն թարմ վիճակում:

Оставьте комментарий