Ոտնաթաթի սնկային հիվանդությունները բուժեք տնային պայմաններում

Ոտնաթաթի սնկախտից ազատվելն այդքան էլ հեշտ չի: Հաճախ միայն տնային պայմաններում իրականացվող բուժումը բավարար չի լինում և կարիք է լինում բժշկական միջամտության: Սակայն այս հիվանդության վաղ փուլում կարելի է գտնել շատ ավելի հեշտ ելք և կանխել հիվանդության զարգացումը: Ձեզ ենք ներկայացնում ոտնաթաթի սնկախտից ազատվելու մի քանի պարզ եղանակ:

Ինչպե՞ս ախտորոշել ոտնաթաթի եղունգների սնկախտը

Ոտնաթաթի սնկախտը բավական տարածված երևույթ է, որը հաճախ ախտորոշվում է 16 տարեկանից բարձր անձանց մոտ: Երեխաներն այս հիվանդությամբ հազվադեպ են տառապում՝ միայն ծնողներից վարակվելու դեպքում:

Ոտնաթաթի սնկախտի ախտանշաններն են.

· ոտնաթաթի մատների արանքում քորն ու այրոցը,

· ոտքերի սուր և տհաճ հոտը,

· եղունգների վիճակի փոփոխությունները (շերտավորում, փխրունություն, հաստացում),

· եղունգների գույնի փոփոխությունը (այն կարող է դեղնել կամ մգվել),

· ցավն ու բորբոքումները եղունգին կից հատվածներում:

Այս հիվանդությամբ վարակվելու վտանգը մեծանում է, եթե ձեր իմունային համակարգը թույլ է, ունեք աղեստամոքսային համակարգի կամ վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներ կամ մաշկի տարիքային փոփոխություններ: Կարելի է վարակվել ընդհանուր գործածության հասարակական վայրերում (լողավազան, գեղեցկության սրահներ, շոգեբաղնիքներ և այլն) կամ ուրիշի անձնական հիգիենայի պարագաներն օգտագործելիս:

Տնային պայմաններում եղունգների սնկախտի բուժման արդյունավետ եղանակներ
Այս խնդիրը կարելի է լուծել դեղորայքով, սակայն կարելի է նաև բուժել տնային պայմաններում: Այս միջոցների օգնությանը հաճախ դիմում են նաև բժիշկները, եթե հիվանդությունը դեռ վաղ փուլում է: Հիմնականում գործածում են հակասեպտիկ միջոցներ կամ օքսիդայնացնում վնասված հատվածները: Այդպես եղունգների սնկախտը տնային պայմաններում բուժելու հիմնական միջոցներն են.

· քացախը,

· թեյի ծառի յուղը,

· ջրածնի պերօքսիդը

Ոտնաթաթի սնկախտի բուժում քացախի միջոցով

Այս մեթոդի առավելությունն իր հասանելիությունն է, սակայն այն գործածելի է միայն հիվանդության վաղ փուլում: Քացախի օգնությամբ կարելի է եղունգի շուրջը թթվային միջավայր ստեղծել՝ դրանով իսկ կանխելով սնկային վարակի տարածումը:

Սակայն այս գործընթացը պետք է կրի պարբերական բնույթ, քանի որ սնկերը շատ դիմացկում են և կարող են թափանցել մաշկի խորը շերտեր: Բացի այդ, պետք է նաև համոզվել, որ քացախը չի առաջացնում ալերգիկ ռեակցիաներ:

Այսպիսով՝ քացախով ոտնաթաթի սնկի բուժման եղանակներն են.

· Քացախով վաննաներ. 50 աստիճան ջերմության ջրին ավելացնել մեկ բաժակ քացախ (9%) և ոտքերը դնել ստացված լուծույթի մեջ 15 րոպե: Ջուրը պետք է ծածկի ոտնաթաթերը և կոճը: Մինչ ոտքերը ջրի մեջ դնելը, շատ ավելի լավ կլինի անել ոտնահարդարում: Պրոցեդուրան ավարտելուց անմիջապես հետո անհրաժեշտ է հագնել բամբակյա գուլպաներ: Այս գործողությունը պետք է կրկնել շաբաթական 3 անգամ՝ մինչև սնկախտի վերանալը:

· Քացախով թրջոցներ. այս թրջոցներն արվում են քացախով վաննաների ազդեցությունն ուժեղացնելու համար: Անհրաժեշտ է բամբակը թրջել քացախով և 15 րոպե դնել վարակված հատվածին:

Ոտնաթաթի սնկախտի բուժում թեյի ծառի յուղի միջոցով

Թեյի ծառի յուղի օգտակար հատկությունների մասին շատ է խոսվում: Այն օժտված է հակասեպտիկ և հակաբորբոքային հատկություններով: Սակայն մինչ այս միջոցի գործածումը, անհրաժեշտ է ստուգել ալերգիկ ռեակցիան, քանի որ այն բավական ուժեղ և սպեցիֆիկ միջոց է: Այն կարելի է օգտագործել հետևյալ կերպ.

· Ոտքերի վաննաներ. Անհրաժեշտ է տարրայի մեջ ոչ մեծ քանակությամբ ջուր լցնել (45-50 աստիճան ջերմությամբ), ավելացնել 15-20 կաթիլ թեյի ծառի յուղ, խառնել և ոտքերը 20 րոպե դնել ստացված լուծույթի մեջ: Բուժման կուրսը կարող է տևել մինչև 2 ամիս:

· Քսել յուղը հիվանդ եղունգին. Ավելի լավ և երկար արդյունքի հասնելու համար կարելի է օգտագործել յուղ առանց որևէ բանի հետ խառնելու՝ անմիջապես հիվանդ եղունգին քսելով: Այս գործընթացը պետք է անել օրը 2 անգամ՝ մինչև հիվանդության ախտանշանների անհետանալը:

Ոտնաթաթի սնկախտի բուժումը ջրածնի պերօքսիդի միջոցով

Ջրածնի պերօքսիդը հիանալի հակաբակտերիալ միջոց է: Բուժման այս եղանակը նույնեպս իրականացվում է ոտքերի վաննաների տեսքով: Անհրաժեշտ է ջրի մեջ ավելացնել ջրածնի պերօքսիդ (3%)՝ 1լիտր ջրին 2 ճաշի գդալ ջրածնի պերօքսիդ հարաբերակցությամբ: Ոտքերը ստացված լուծույթում անհրաժեշտ է պահել 15 րոպե օրը 2 անգամ՝ առավոտյան և երեկոյան: Բուժման կուրսի տևողությունն է 1 շաբաթ:

Կանխարգելման համար կարելի է բուժումից հետո, օրը 3 անգամ վարակված հատվածներին կաթեցնել ջրածնի պերօքսիդ:

Հարկ է հիշել, որ նշված միջոցների անարդյունավետության և հիվանդության հետագա տարածման դեպքում, անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի:

Ոտնաթաթի սնկի առաջացումը կանխարգելող միջոցներ

Այս հիվանդության կրկնությունը թույլ չտալու և առաջացումը կանխելու նպատակով անհրաժեշտ է.

· Հրաժարվել արհեստական հումքից պատրաստված կոշիկներից: Ոտքերը պետք է «շնչեն», ուստի նախապատվությունը պետք է տալ բնական հումքին: Բացի այդ, պետք է մշակել կոշիկները հակասնկային միջոցներով:

· Պետք է օրվա մեջ առնվազն 2 անգամ լվանալ ոտքերը և չորացնել մաքուր սրբիչով:

· Հիվանդության բուժումից հետո անհրաժեշտ է շարունակել օգտագործել հակասնկային միջոցները ևս 1 ամիս:

· Չի կարելի օգտագործել ուրիշի հիգիենայի պարագաները, իսկ հասարակական օգտագործման վայրերում անհրաժեշտ է անպայման կրել հողաթափեր:

Оставьте комментарий