Ինչպե՞ս կանխել կրծքագեղձի քաղցկեղը…ի՞նչ պետք իմանա ցանկացաց կին…բացառիկ մանրամասները ներկայացնում է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Արթուր Ավետիսյանը

Global Cancer Obserbative-ի տվյալներով Հայաստանը կրծքագեղձի չարորակ ուռուցքից մահացության ռիսկի ցուցանիշով աշխարհում զբաղեցնում է 19-րդ տեղը: Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, Ջերմուկում ընթացող Հայկական ուռուցքաբանական 4-րդ կոնգրեսում իր ելույթում նշեց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Արթուր Ավետիսյանը, ով իր պրեզենացիան սկսեց Արարատի եւ Հայաստանի եռագույնի ցուցադրմամբ:

«Աշխարհում 2020-ին այս տեսակի հիվանդացության նոր դեպքերի թիվը կազմել է 2,2 մլն, իսկ մահացության դեպքերի թիվը՝ 685 հազար: Հայաստանում 2020-ին արձանագրվել է կրծքագեղձի քաղցկեղի 686 դեպք, իսկ արդեն 2022-ին՝ 1457 դեպք: Այդ կանանց 15 տոկոսը եղել է երեխա ծնելու տարիքում: Դեպքերի ավելի քան 50 տոկոսի դեպքում կրծքագեղձի քաղցկեղն արձանագրվում է 50-59 տարեկանների շրջանում:

Ռուսաստանում տարեկան մոտավորապես 50 երեխա կորցնում է մորը՝ կրծքագեղձի քաղցկեղի պատճառով»,-ասաց նա:

Անդրադառնալով այս հիվանդության դեմ պայքարի միջոցներին, Արթուր Ավետիսյանն ասաց. «Պետք է լուսավորչական աշխատանք կատարել կանանց շրջանում, մեծացնել իրազեկության մակարդակը, ներդնել պոպուլյացիոն սկրինինգի ծրագիր եւ այդ ծախսերը փակել կամ պետության միջոցներով կամ ապահովագրությամբ:

Սկրինինգի ծրագրի նպատակն է նախ հայտնաբերել ուռուցքը նախքան կլինիկական փուլին հասնելը, իսկ վերջնական նպատակը մահացությունը կրճատելն է: Նման սկրինինգների մասնակցող կանանց շրջանում մահացության ցուցանիշը առաջիկա 10 տարիների ընթացքում 41 տոկոսով նվազ է:

Սկրինինգների համար լավագույն տարիքը 50-60 տարեկանն է, քննարկվում է նաեւ այդ տարիքը ընդլայնել՝ ներառելով նաեւ 45-49 տարեկաններին՝ յուրաքանչյուր 2-3 տարին մեկ»:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրենի խոսքով, 2021-ի հունվարից Հայաստանում ներդրվել է կրծքագեղծի քաղցկեղի սկրինինգային պիլոտային ծրագիրը, որն իրականացվել է Հայաստանի 4 մարզերում. «Այս ծրագրում ներառվել են 50-69 տարեկան կանայք՝ Լոռու, տավուշի, Սյունիքի եւ Շիրակի մարզերում:

2021-ի հունվարի 19-ից մինչեւ 2023-ի դեկտեմբերի 15-ը հետազոտվել է ավելի քան 26 700 կին, մասնակցել է թիրախային բնակչության մոտ 40 տոկոսը: 1592 կին կանչվել է լրացուցիչ հետազոտության, սակայն ներկայացել է նրանց ընթդամենը 79 տոկոսը: 265 դեպքում հաստատվել է կրծքագեղձի քաղցկեղ, մնացած դեպքերում գրանցվել են բարորակ գոյացություններ:

Բացահայտված դեպքերի 9 տոկոսը եղել է սկզբնական մակարդակում, 44 տոկոսը՝ առաջին փուլում, 30 տոկոսը՝ երկրորդ փուլում: Այդ նույն մարզերում նախքան սկրինինգի ծրագիրը, 1-ին եւ 2-րդ փուլում գտնվող քաղցկեղի հայտնաբերման բաժինը կազմել է ընդամենը 55-60 տոկոս, իսկ սկզբնական փուլում՝ եղել է աննշան:

Նախորդ տարի Ամերիկյան համալսարանի ուսանողների հետ աշխատանք ենք իրականացրել եւ պարզել, որ պետության համար անհամեմատ էժան է իրականացնել սկրինինգային ծրագրեր եւ բուժել կրծքագեղձի քաղցկեղով հիվանդներին, քան ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա եւ ծախսել հսկայական միջոցներ հիվանդներին հիվանդության վերջին փուլերում բուժելու վրա»,- հայտարարեց նա:

Նշենք, որ այսօր Ջերմուկում ընթանում է Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ամենամյա գիտագործնական միջոցառումը՝ Հայկական ուռուցքաբանական 4-րդ կոնգրեսը: 2024 թվականի կոնգրեսի խորագիրն է՝ «Հայկական ուռուցքաբանություն. ընթացիկ հաջողություններ և նոր մարտահրավերներ»:

Կոնգրեսի նպատակն է Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարի քաղաքականության և ռազմավարության քննարկումը, քաղցկեղի կանխարգելման, վաղ ախտորոշման, բուժման նոր մեթոդների և մոտեցումների ներկայացումը հայ և արտերկրյա ճանաչված մասնագետների մասնակցությամբ։

Զեկույցներով հանդես կգան ավելի քան 50 մասնակիցներ՝ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Մեքսիկայից, Եվրոպայից, Հնդկաստանից, Արգենտինայից, Վրաստանից և Իրանից:

Կոնգրեսին ներկա են ավելի քան 300 պատվիրականեր` ՀՀ առողջապահության նախարարության, Երևանի պետական բժշկական համալսարանի և Առողջապահության ազգային ինստիտուտի ներկայացուցիչներ, հանրապետության ԲԿ-ների ղեկավարներ, տարբեր մասնագիտացման բժիշկ-ուռուցքաբաններ, հարակից մասնագիտացումներով բժիշկներ, հանրային առողջապահության մասնագետներ, ազգային առողջապահական ծրագրեր իրականացնողներ, գիտահետազոտական աշխատանքով զբաղվող մասնագետներ և այլն:

Ավանդույթի համաձայն 2024 Հայկական ուռուցքաբանական կոնգրեսի լավագույն 3 հայաստանյան զեկուցողները կստանան գիտաթոշակ: Դրա գումարը չի տրվի հաղթողներին առձեռն, այն կամրագրվի և կտրամադրվի բացառապես հետագա գիտական առաջխաղացման նպատակով՝ բարձր վարկանիշով գիտական հանդեսներում տպագրվելու, արտերկրում գիտաժողովներին և թրեյնինգներին մասնակցության վճարը հոգալու և այլնի համար։

 

med.news.am

Оставьте комментарий